October 16th, 2007

(no subject)

Ներս մտա:
- Մի՞թե սա դիակ է,- բացականչեցի:
Լավ խնամված տատիկ էր պառկած: Սովոր չէի նորմալ հագուստով հիվանդներ տեսնելուն: Նրանք միշտ իրենց ամենահին ու անշուք շորերն են հագնում, իսկ այս տատիկն ասես ինչ-որ մեկի տուն հյուր էր գնում: Բայց ես մոռացել էի, որ դա հիվանդանոց չէր… Իսկ տատիկն անշարժ պառկած էր՝ սպասելով իր հերթին… հերձվելու հերթին:
Հոտը սարսափելի էր: Դիմակ չէի վերցրել, որովհետև դասախոսս հավատացնում էր, որ դա ավելի է վատացնում վիճակը: Ձեռքերով մի կերպ բռնել էի քիթս, բայց երբ զգացի, որ շուտով փսխելու եմ, անմիջապես դուրս եկա: Դռան մոտ հավաքվել էին մյուս վախկոտ-զզվողները: Ոմանք սիրտ չէի անում մտնել, իսկ մյուսներն արդեն դիակային օդը շնչելու բախտ են ունեցել ու զգացել, որ դա իրենց տեղը չէ…
Քիչ անց հայտնվեց Անուշը. պարզ էր, հղի է, չի դիմացել:
- Դասախոսն ասաց, որ դա իմ տեղը չէ,- հանգիստ ասաց՝ ասես ոչ թե նա, այլ մենք էինք հղի:
Դռան մոտ հավաքված էին հիվանդի… չէ՛, դիակի… է՜հ, ի՞նչ եմ ասում: Մի խոսքով այն մեկի հարազատները, որը մի ժամանակ մարդ է եղել: Իսկ հիմա չկա: Այն անկենդան մարմինն այլևս մարդ չէ, չի շնչում, չի շարժվում, չի խոսում ու չի հիշում: Ընդամենը օրգանների ու հյուսվածքների ամբողջություն է…
Մի՞թե մի օր էլ մենք… չէ՛, մեր մարմիններն են հայտնվելու այդ սենյակում ու կտրտվեն: Մի՞թե այլ ուսանողներ են մեզ նայելու ու մտածեն այս ամենը, որ մեր մտքով էր անցնում այդ պահին…