September 30th, 2007

Մոլախոտ

- Դու լավ չես զգում…- ասաց դասախոսս,- հետո կխոսենք: Ինձ անպայման երեկոյան կզանգահարես:
Այդ օրը ինքնաթիռն ընկավ, և երբ երեկոյան ամեն ինչից անտեղյակ հավաքեցի նրա համարը, ասաց, որ զբաղված է, հետո կզանգի:
Արդեն ավելի քան մեկ տարի է, ինչ սպասում եմ… Չէ՛, ավելի ճիշտ հավաքել էի բոլոր ուժերս ու փորձում էի ինքս հաղթահարել… չգիտեմ, թե ինչը: Հիշում եմ՝ ահավոր ժամանակներ էին: Ոչ մի դեպքում այդ ամենի միջով նորից չեմ անցնի: Ասում եմ, բայց իմ կյանքն այդպիսին է: Ավելի վատն էլ եմ ապրել: Ու կամաց-կամաց ոչ թե խաղաղությունս էր ընդմիջվում պատերազմներով, այլ ճիշտ հակառակը: Ժամանակ առ ժամանակ հիշում էի դասախոսիս, բայց նրան զանգահարելու փորձ չէի անում. խոստացել է, կանի, չնայած խելագարություն է մինչև հիմա սպասելը. երևի այնքան խառն է եղել, որ նույնիսկ համարս չի հասցրել պահել:
Մի օր գնեցի՞, վասակեցի՞, թե՞ նվեր ստացա խաղաղությունս… Զգացի, որ կոկա-կոլայի շիշը ձեռքին նստարանների վրայով թռչկոտող աղջիկն եմ դարձել նորից: Ու ոչինչ չէր խանգարում ինձ, նույնիսկ մոլախոտերը… Գուցե անհեթեթություն թվա, բայց վերջիններս ինձ իրոք անհանգստացնում էին մի ժամանակ: Կարծում էի, թե մենակ ես եմ: Կարծում էի մինչև մի պայծառ օր… Աշնանային:
Ես դուրս էի եկել զբոսանքի: Եվ երջանիկ էի: Կառչում էի Արևի վերջին պայծառ ճառագայթներից, ժպտում, ծիծաղում:
- Արև՛, մի՞թե երբ գնաս, նորից նույնն եմ դառնալու,- հարցնում էի:
Արևը ժպտում էր ու ասում.
- Ես երբեք չեմ գնում: Պարզապես ձմռանը դուք սովոր եք ինձ չնկատել: Դուք եք հեռանում, ոչ թե ես:
Ժպտում էի ու փարվում նրան: Արևից թանկ ոչ ոք չկար ինձ համար:
Ու քայլում էի: Չգիտեի, թե ուր էի գնում, բայց ճամփիս ինձ այդքան խանգարող մոլախոտեր չկային, և ես երջանիկ էի:
Ես շատերին եմ հանդիպել իմ զբոսանքների ժամանակ: Բայց այս անգամ ինձ ընդառաջ եկողը… Զարմանալի մի բան… Օվկիանոսն էր: Ես անչափ ուրախացա, երբ նրան տեսա:
Ես հարմար տեղավորվեցի ափին, ոտքերս դրեցի ջրի մեջ ու մի ջերմ զրույց սկսեցի իմ թանկագին Օվկիանոսի հետ:
- Ինչպե՞ս ես,- հարցրեց իմ հին բարեկամը:
- Լավ եմ, գիտե՞ս: Ես երջանիկ եմ: Հասկանու՞մ ես՝ հաղթահարել եմ երկարատև ընկճվածությունը: Հիմա ամեն ինչ կարգին է: Իսկ դու՞… Ամեն ինչ կարգի՞ն է:
- Իհարկե… Լսի՛ր, մի բան ասեմ, միայն չզարմանաս: Մոլախոտերն ինձ ահավոր խանգարում են:
- Ինչպե՞ս… Ախր դու հսկայական Օվկիանոս ես, մեծ ես, հզոր ես: Քո շրջակայքում մոլախոտեր աճու՞մ են: Եվ եթե նույնիսկ այդպես է, ինչպե՞ս կարող են քեզ խանգարել: Ախր մի ալիքով կարող ես բոլորին խեղդել:
- Չէ՛, դու նրանց չգիտես: Սարսափելի են: Շինծու կերպարներ են ստեղծում: Քեզ թվում է, թե թույլ են, անօգնական, բայց այնպե՜ս են հարձակվում, այնպե՜ս թաքուն, որ ոչ ոք չի նկատում:
- Իսկ ես կարծում էի՝ միայն ես եմ: Բայց դե ինձ համար բնական է: Չէ՞ որ ես ու մոլախոտերը նույն հողում ենք աճում: Նրանք շատ հանգիստ կարող են ինձ ճնշել, աճս խանգարել, չնայած հաճախ ձևացնում են, թե ընկերներս են, բայց ես հո այդքան հիմար չեմ. ամեն ինչ տեսնում եմ:
- Վա՜յ, այդ մոլախոտերը… Նրանք փչացնում են ամեն ինչ, խառնում իրար բոլորին,- հանկարծ լսվեց մի ձայն,- բայց զարմանալի է, գիտե՞ք: Ախր զրոն ինչպե՞ս կարող է այդքան բան անել: Նրանք հենց այդքան են: Ընդամենը զրո, բայց խաղում են մյուսների հետ: Աշխարհը մոլախոտանոց է դարձել:
Մեզ միացել էր նաև Ջրաշուշանը: Ես գիտեմ, որ օվկիանոսում չի աճում: Որտեղի՞ց էր եկել, ինչպե՞ս էր հայտնվել…
- Տաքսիով եկա,- շատ հանգիստ պատասխանեց նա:
Մենք լռեցինք: Մտածում էինք: Հետո հանկարծ Ջրաշուշանն ասաց.
- Պատկերացնու՞մ եք՝ ինձ ասում էին, որ չհեռանամ, մնամ ու պայքարեմ մոլախոտերի դեմ: Բայց դա անհնար է: Նրանց աճի համար հողը պարարտ է, իսկ ինձ ջուր է պետք: Ու եթե անգամ մի քիչ ջուր է լինում, մի քիչ ճահիճ, մոլախոտերն առիթը բաց չեն թողնում, որ հափշտակեն: Դրա համար նախընտրում եմ ուղղակի հեռանալ, իմ սիրելի ջրերի մեջ ապրել: Ի դեպ, դուք էլ կարող եք գալ:
Ես ու Օվկիանոսը շարունակում էինք լռել: Հավանաբար նա էլ էր ինձ նման զարմանում. ինչպե՞ս կարող էր մոլախոտը երեքիս նման տարբեր էակների այդքան խանգարել: Ու դեռ այնքա՜ն շատ ուրիշներ էլ են տուժել նրանց հարձակումներից, որոնց մասին մենք չգիտեինք:
...
Մոլախոտը կանգնած մեզ էր նայում: Մի այնպիսի՜ կեղծ ժպիտ էր նկարել: Ու ասես հատ-հատ, դաժանաբար խլում էր իմ յուրաքանչյուր բջիջը, շնչածս թթվածնի յուրաքանչյուր մոլեկուլը:
Մի քանի վայրկյան անց ես, Ջրաշուշանն ու Օվկիանոսը հեռացանք:
- Լսի՛ր, Օվկիանոս, ես երբևէ այսքան ուժեղ բացասական ազդեցություն չէի ստացել: Ի՜նչ սարսափելի էր:
- Սովորի՛ր անտարբեր լինել: Գիտես, ես արդեն կարողանում եմ: Ինձ վրա բնավ չի ազդում: Քո ժամանակն էլ է եկել: Երևի արդեն ուշանում ես, բայց վստահ եմ, որ կհաջողվի:

Օվկիանոսն ու Ջրաշուշանն արդեն գնացել էին: Ես մենակ էի: Մոլախոտից ստացած հարվածը դեռ չէր անցել: Մութ էր: Կանչում էի Արևին, աղաչում, որ տաքացնի: Չէի լսում նրա պատասխանը: Ես քայլում էի գիշերվա մեջ: Թե հաղթեի նրան, կհասնեի Արևին, լուսավոր կլիներ, և մոլախոտի փոխարեն ուրիշների չէի քաղհանի:

Picture

Lord I wonder if I'll ever change my ways
I put your picture away
Sat down and cried today
Որքա՜ն եմ արտասվել այս երգի համար, որքա՜ն եմ տանջվել, բայց այդ ամենը մոռացվել, անցյալ էր դարձել:
Իսկ հիմա, այս պահին, երբ ներկաս արհեստականորեն ջնջում եմ, սպանում, անցյալ դարձնում, նորից ինձ մոտ են եկել այս բառերն ու նոր իմաստով են ներկայանում: Չեմ կարողանում զսպել արցունքներս, չէ՛: Որքան էլ բռնանամ մտքերիս վրա, դրանք քամվում են և հեղուկի տեսք ստանում: Ու ոչ ոք երբևէ չի հասկանա, թե ինչ եմ զգում:
Դու կասես, թե տառապանքս երկինք եմ հանում: Չէ՛, թանկագինս, սովորական է սա: Բոլոր տառապանքներն էլ սովորական են ու բոլորն էլ ամոքվելու կարիք ունեն: Բոլորն էլ մարդու կյանքը սևացնում են: Ես իմ տառապանքը երկինք չեմ հանում: Ես սովորական տառապող եմ, իսկ դու՝ սովորական արհամարհող, սովորական տառապանք ծնող: