September 6th, 2007

(no subject)

Ուզում եմ գրել ու խզբզել, բայց միտքս աղքատացել է: Գուցե մեկնումեկից պարտքով վերցնեմ: Չէ՛, զզվում եմ պարտքով վերցված, գողացված, անգամ նվիրաբերված գաղափարներից: Լավ է՝ իմը ստեղծեմ:
Իսկ ես զառանցում եմ: Դանդաղ կործանում է:
- Որ փող ունենամ, Նորքում տուն կգնեմ:
- Ինչու՞:
- Այդ թաղամասը շատ եմ սիրում:
- Հոգեբուժարանն էլ է այնտեղ:
- Այո՛, այո՛… Ուզում եմ աշխատավայրիս մոտ լինել:
- Աշխատավայրի՞դ, թե՞ բնակավայրիդ:
Կատակ էր, բայց…
Ես զգում եմ, թե ինչպես է անձս կամաց-կամաց քայքայվում, վերանում: Իսկ դիմակս ոչ թե պատռվում է, այլ փսկում, որովհետև տակինը պարզապես դատարկվում է, ցնդում, անէանում: Ոչինչ չի մնում: Ես այլևս մեղավորներ չեմ փնտրում. անիմաստ է: Միևնույն է, նրանք միշտ էլ կան: Պարզապես չեն գիտակցում, որ ես քայքայվում եմ: Դրա համար էլ ավելորդ չեն համարում ևս մեկ հարված տալը, մի կտոր էլ փոշիացնելը:
Իսկ ես…
Ես ներսս օդով եմ լցնում, որ հնարավորինս երկար թաքցնեմ, ցույց չտամ, որ ներսս դատարկվում է, անձ չի մնում, այլ ինչ-որ տարօրինակ կենդանի:
Երկու օր առաջ մի ֆիլմ դիտելիս համառորեն հոգեկան հիվանդ մարդասպանին էի պաշտպանում. ես նրան հասկանում էի, նույն ցավն էր զգում: Հետո ի՞նչ, որ ես դեռ ոչ ոքի չեմ սպանել: Գուցե դրա օրն էլ գա:
Իսկ ես…
Ես Նիքոլն եմ:
Փրկություն կա, փրկող չկա: Մենակ անզոր եմ, Աստծուց ամաչում եմ: