August 4th, 2007

Սեքս

Էսօր սեքսի օր էր… Մի րոպե, հեսա ամեն ինչ կբացատրեմ: Մի կողմ թողնենք գեյերի շքերթը: Էդ լրիվ ուրիշ պատմություն է: Երեկոյան, երբ պարզեցինք, որ Ռեմբրանտի թանգարանն արդեն փակ է, ես առաջարկեցի սեքսի թանգարան գնալ: Ճիշտ է՝ ոտքով մոտ 10-15 րոպեի ճանապարհը մենք 1-2 ժամում անցանք, քանի որ անընդհատ շեղվում էինք կամ էլ անհույս սպասում տրամվայներին, որոնք գեյերի շքերթի պատճառով այսօր այնքան էլ լավ չէին աշխատում, բայց կարողացանք ժամանակին հասնել: Ասենք, սեքսի թանգարանը պետք է որ ուշ ժամերին աշխատեր, այնպես որ շտապելու կարիք առանձնապես չկար:
Հա՛, զվարճալի բաներ կային. առնանդամի հսկայական արձան, աչքով անող հետույք (իզուր մի փորձեք պատկերացնել դա ինչ է: Նկարը կբերեմ, կտեսնեք), կարմիր լապտերների փողոցի մինի տարբերակ և այլն, բայց սարսափելի տեսարաններն էլ էին շատ, որոնք չհամարձակվեցի լուսանկարել՝ խնայելով իմ բարոյական կերպարն ու ձեր նուրբ ճաշակը: Չորսս էլ թանգարանից դուրս եկանք ահավոր այլայլված: Պատկերացնու՞մ եք՝ այնքան սարսափելի էր, որ նույնիսկ տղաները չէին զվարճանում:
Մտածեցինք, որ սեքսի օրն այսքանով ավարտվում է: Գոնե ես այդպես էի կարծում: Որոշեցի շուտ տուն գալ, որ շուտ քնեմ, և վաղը պիկնիկից առաջ հասցնեմ Աննայի հետ որևէ տեղ գնալ: Բացի դրանից, երեկվա փորձից հետո վախենում էի շատ ուշ մեր թաղամասում մենակ քայլելուց… Իսկ հիմա ինքս ինձ հարց եմ տալիս. ավելի լավ է վախվխելով, կյանքս հարցականի տակ դնելով տուն հասնեմ, թե՞… Հա՛, տուն մտա, իսկ Շակը (տանտերս) երեկվա պես խոհանոցի լամպը վառած էր թողել: Մտածեցի՝ քնած է: Դուռը փակեցի, պատրաստվում էի զուգարան գնալ, մեկ էլ տեսնեմ հյուրասենյակում մոմեր են վառված, իսկ Շակի սենյակից ձայներ, ավելի ճիշտ՝տնքոցներ են լսվում՝ տղամարդու և կնոջ: Այդ պահին հասկացա, որ երբ առաջին օրը Շակը ասաց, որ ինքը հոմոսեքսուալիստ չէ, չէր խաբել: Ասենք, դա նրա գործն է: Բայց մի՞թե ես պարտավոր եմ երեկոյան տուն վերադառնալիս փակվել իմ սենյակում՝ ամաչելով նույնիսկ լվացվել: