August 1st, 2007

Մեկնելուց առաջ

Այնպիսի զգացողություն է, որ Ամստերդամը շատ եմ սիրելու: Միայն թե չխաբվեմ, չհիասթավեմ: Թվում է՝ ոչ մի Վիեննա, ոչ մի Պրահա չի կարող նրա հետ համեմատվել: Ասես այն խենթերի քաղաք լինի, իմ հայրենիքը, որը լքել եմ դեռ մորս արգանդում ձևավորվելու ժամանակ:
Ընդամենը չորս ժամ անց կգնամ օդանավակայան: Ես հեռանում եմ իմ քաղաքից… Ի՞մ… Այստեղ ես չհասկացված եմ, սիրված կամ ատված, անտանելի, խելագար: Ու, չգիտես ինչու, ես դա տարօրինակ եմ համարում: Մոռանում եմ, որ սա իմ տեղը չէ: Այստեղ ես օտար եմ, ինչքան էլ իմ հայրենիքը լինի: Մարդիկ իմ ներսում զզվելի սերմեր են ցանում, իսկ հետո բողոքում պտուղների համար: Ա՜խ, ես շատ թույլ եմ, որ դրանք արմատախիլ անեմ: Եղած ուժերս էլ վատնվում են, որ բացատրեմ, որ այդ պտուղներն ինձ հետ կապ չունեն, օտար են, ուրիշ տեղից եկած:
Ամստերդա՛մ, ես գալիս եմ: Դու ինձ գրկաբա՞ց կընդունես, ինձ կշոյե՞ս, կգուրգուրե՞ս: Միայն թե դու էլ չթքես երեսիս, չարհամարհես, չմեղադրես ու վերջապես… չսպանես:
Ամստերդա՛մ, ես շուտով քեզ մոտ կլինեմ: Բայց հիշի՛ր, որ մեկ ամիս անց լքելու եմ ու իմ ոտքով վերադառնամ այս ճահիճը, որից կարող եմ դուրս գալ միայն Աստծո օգնությամբ:

Ուզում էի լավատեսական նոտայով գրել հրաժեշտս, բայց չստացվեց: Ներե՛ք ինձ, սիրելինե՛րս, բայց տրամադրությունս է այդպիսին: