July 31st, 2007

Գիրք. նախաբան

Մի տեսակ անսովոր է, երբ գրիչդ ձեռքդ ես վերցնում ու նախօրոք գիտես, թե ինչ է վերջում ստացվելու. գիրք: Բայց մնացածն անորոշ է, մի տեսակ մշուշով ծածկված: Ես գրելու եմ Երևանից հեռու եղած ժամանակ, երբ գլխիս տերը ես եմ լինելու, երբ օրվա կեսը չեմ խոսելու, որովհետև պարզապես որևէ մեկը չի լինելու, որի հետ կկարողանամ մի քանի բառ փոխանակել: Իմմ միակ զրուցակիցը ես եմ լինելու, հետևաբար ասելիք շատ կունենամ: Ու չգիտեմ՝ ինչի մասին է լինելու, ուր է գնալու, ինչ է դառնալու, ում նյարդերի վրա է ազդելու, ում է զարմացնելու, ում է քննադատելու, ում է գովելու:
Սարսափելի է, երբ գրում ես հաշվի առնելով ընթերցողին: Իսկ նա կա, գոյություն ունի, որովհետև սա ո՛չ օրագիր է, ո՛չ մի անկապ նոթատետր, այլ մի իսկական գիրք, որը ոչ թե մեկ կամ երկու հոգի են կարդալու (իսկ դա օրագրի ճակատագիրն է), այլ շատերը: Հետո իրենց գնահատականներն են տալու, և ես կա՛մ ծիծաղղելու եմ, կա՛մ չափից դուրս լուրջ եմ ընդունելու: Իսկ երբ ամեն ինչ հանդարտվի, սառն եմ դատելու ու հասկանալու, որ ավելի լավ կարող էր ստացվել:
Եվ չգիտեմ, թե ընթերցողս (մեծ հույսեր ունեմ, որ նա գոյություն կունենա) ինչ տարիքի, ինչ սեռի, ինչ ճաշակի և անգամ գիշերներն ինչպես քնող է լինելու: Գուցե նա սիրի բարձը գրկած դիտել երազները կամ փաթաթվել սավանով… չգիտեմ: Բայց մի բանում վստահ եմ. առաջինը Լիլիթն է լինելու (ահա և քո անունն էլ գրվեց այստեղ, բայց հուսով եմ՝ ոչ վերջին անգամ):
Ես չեմ պատկերացնում այս տետրը տպագրված. գուցե այսպես ձեռագիր էլ մնա կամ ամենաշատը հայտնվի ինտերնետում: Բայց խոստովանում եմ, որ այստեղ բավականաչափ անկեղծ չեմ լինելու, հետևաբար գիրքս կհրապարակվի թեկուզ պատճենահանող սարքի օգնությամբ կամ նույնիսկ արտագրելով: