July 1st, 2007

(no subject)

Ես մի երկրից եմ, որը նման է փշի: Այն քո մեջ այնքան է խրվում, որ մոռանում ես դրա գոյության մասին, բայց հենց հանում ես, սուր ցավ ես զգում: Այն նման է նաև ճիճվի. սեփականացնում է ամբողջ կերածդ, և դու նիհարում ես, հյուծվում: Ու նաև թույն է, որը եթե փոքր դոզաներով ստանաս, գրեթե ոչինչ չես զգա, իսկ եթե միանգամից սրվակի ամբողջ պարունակությունը կուլ տաս, վայրկյաններ անց կմեռնես: Կրակ է, որը հեռվից տաքացնում է, իսկ երբ մոտենում ես, այրում է: Ժամկետանց դեղ է, որը խմում ես, որ սրտխփոցդ թեթևանա, բայց լավագույն դեպքում ոչինչ չի փոխվում:

(no subject)

Լիլիթի խաթր մի կտոր դնում եմ…

…Ես սովորեցի կողքից նայել իմ ստեղծագործություններին, ասես ես չեմ գրել դրանք: Այդ պահից միայն ինձ համար պարզ դարձավ, որ ես միջակ չեմ, շա՜տ ավելին եմ:
Չեմ սիրում, երբ ստեղծագործություններս անձնավորում են, այսինքն՝ իմանալով, որ ես եմ հեղինակը, մինչև կարդալը որոշում են դրանց՝ լավ կամ վատ լինելը: Չեմ սիրում նաև, որ փորձում են հերոսներին իրական կյանքում որոնել կամ իմ հոգեկան առողջությանը գնահատական տալ. ոչ միշտ է, որ իմ առաջին դեմք եզակի թիվն իսկապես ես եմ լինում:
Սովորել եմ հասկանալ, թե ումից պետք է դիտողություն ընդունել, ումից՝ ոչ: Գիտեմ, որ երբ չեն բացատրում, թե կոնկրետ ինչը և ինչու դուր եկավ կամ ոչ, ապա միանշանակ կեղծում են:
Ու ես շարունակում եմ աճել, զարգանալ որպես գրող: Ես մաքրվում եմ տարիների ընթացքում ինձ վրա կուտակված կեղտից: Ու թեկուզ կան փոքրաթիվ մարդիկ, որոնք գրածներս կարդալիս մոռանում են, որ ես եմ գրել, չեն ուզում իմանալ, թե ովքեր են հերոսները, անաչառ կարծիք են հայտնում ու նպաստում, որ ես ավելի բեղմնավոր լինեմ, ես գիտեմ, որ իմ ամենալավ, ամենաօբյեկտիվ, ամենախիստ քննադատը ես ինքս եմ: