June 27th, 2007

Զառանցում եմ

Շարժվե՛ք, թերթե՛ր, հեռացե՛ք ինձնից: Ես փշաքաղվում եմ, բայց վստահ եմ, որ ցրտից չէ, չնայած քամի կա, ցուրտ է: Թևերիս մազերը բիզ-բիզ են կանգնել: Ինչ-որ բան ինձ ծակծկում է: Ասեղ չկա, փուշ չկա, ոչինչ չկա: Պարզապես ծակծկվում եմ:
Դու չես կարող վերադարձնել կորցրածս կյանքը: Այն այլևս չկա: Զզվում եմ այս աղջկանից: Ինչու՞ է ինձ հետևում:
Երևի բոլոր գրողներն էլ գժեր են եղել: Ստեղծագործելու համար առնվազն պետք է հոգեպես վատառողջ լինել… ինձ նման:
Գրում եմ: Խելագար եմ: Փնտրում եմ: Փախչում եմ ինձնից: Հեռանու՞մ: Չէ՜, ես ավելի արագ եմ վազում, քան ես: Ի վերջո, հասնում եմ ինձ, բռնում, գետնին շպրտում ու ծեծում, ծեծում, ծեծում:
Ես բզկտված եմ: Մեղավորը ես եմ: Շատ դաժան էի իմ հանդեպ: Ինչու՞ փախչողին հետապնդեցի: Իմ պարտականությունն էր: Իմ բանտից ինչ-որ մեկը փախչում էր, և ես պետք է բռնեի: Հետո ի՞նչ, որ դա ես էի:
Քամին սառն է ու փոշոտ: Բայց ինձ չի խանգարում, որ ծալապատիկ նստեմ իմ գզգզված մազերով ու հիստերիկ հայացքով ու գրեմ: Չէ՛, ավելի ճիշտ խզբզեմ, թանաքոտ բծեր անեմ սպիտակ թղթի վրա:
Գրելիս երբևէ չեմ կարող ասել. որևէ մեկը կկարդա՞, թե՞ ոչ: Ես թափում եմ մտածածս, արհամարհում, հաշվի չեմ առնում ընթերցողին: Ու գիտեմ, որ մի օր մի շատ թանկ մարդ կամ ինչ-որ մեկը, որի վրա թքած ունեմ, կկարդա գրածս: Կխորհի, դատողություններ կանի, կփորձի ինքն իրեն գտնել տետրիս մեջ, մինչդեռ չի հասկանա, որ այստեղ ոչ ոք չկա, բացի ինձնից: Me, myself and I. Իսկ եթե նույնիսկ որևէ բան գտնի, դա արդեն նրանը չի լինի. ես գողացել եմ, հափշտակել, խլել, սեփականացրել:

Հ.Գ. վերջին տողերն ուղղված են հենց անմիջապես տետրիցս կարդացողներին: