May 28th, 2007

Երկրաշարժ

Ինչ-որ տարօրինակ բան էր կատարվում: Բոլոր կենդանիները խելագարվել էին: Հիշում եմ՝ տարիներ առաջ, երբ ահավոր վախենում էի երկրաշարժից, կենդանիների անհանգստությունը նախանշան էի համարում:
Վազեցի տուն: Բոլորն էլ ինչ-որ վատ բան էին կանխագուշակում: Խավար էր: Հետո հանկարծ տունը ցնցվեց: Ես ընկա գետնին, բայց մնացածներն իրենց տեղում էին:
- Երկրաշա՜րժ է,- բացականչեցի, չնայած կասկածում էի, որովհետև միայն ես էի ընկել:
- Հա՛, զգացինք, բայց ոչ թե երկրաշարժ է, այլ աշխարհն է ցնցվում:
Ասես աշխարհի վերջը լիներ: Վախեցել էի: Բայց միայն ես էի վազում անկյուններում կանգնելու, մյուսները շատ հանգիստ էին:
Հետո հասկացա, որ իրոք երկրաշարժ էր, բայց միայն ինձ համար, իմ ներսում: Աշխարհի վերջն էր, բայց միայն իմ սեփականի: Այնքան էլ հեշտ չէ արմատախիլ անել մի բան, որ թանկ է քեզ համար: Հետևանքը երկրաշարժն է: