May 18th, 2007

(no subject)

Երեկ երբ տուն էի գալիս, ճանապարհին երկու ծանոթ դեմք տեսա: Երբ մոտեցա, նկատեցի նաև երրորդին, որին առաջին անգամ էի տեսնում այն պարզ պատճառով, որ նոր էր լույս աշխարհ եկել: Մեր դասարանի Աննայի զավակն էր: Մի պահ ուղեղիս մեջ չտեղավորվեց. Աննա ու երեխա: Դա այն նույն աղջիկն էր, որը գլխին հսկայական ժապավեն կապած դպրոց էր գալիս. ասես գլուխ գլխի վրա լիներ: Նույն Աննան էր, որին երբ դասվարը կանչում էր գրատախտակի մոտ, նա հարցնում էր. «ե՞ս», բայց առանց պատասխանի սպասելու տեղից վեր կենում, կատարում դասվարի հրահանգը: Եվ հարցն անտեղի էր, որովհետև մեր դասարանում միայն մի Աննա կար: Չնայած դրան, նա չէր ալարում ամեն անգամ նույնը կրկնել ու նկատողության արժանանալ: Այո՛, դա այն նույն համադասարանցիս էր, որը դուրս պրծած աչքեր ուներ և դրա պատճառով նմանվել էր գորտի: Գուցե երեխայի բախտը բերել է, և նա նույն դուրս պրծած աչքերը չունի, հորն է քաշել: Իսկ գուցե Աննայի ամուսնու դեմքն էլ նույն թերությունն ունի… Խե՜ղճ երեխա… Եվ նրա մայրը նույն աղջիկն էր, որին մի օր՝ 10-րդ դասարանի վերջերին, հազիվ ճանաչեցի: Ինչ-որ շատ էր փոխվել, բայց ոչ մի կերպ չհասկացա՝ ինչը: Միայն «Վերջին զանգին», երբ նայեցի նրա ֆենած մազերին ու դուրս պրծած աչքերին, որոնք ծածկված էին օպտիկական ակնոցներով, նկատեցի, որ պարզապես ունքերն է հանել:
Եվ հավատս չի գալիս, որ նույն համադասարանցիս 1-2-րդ դասարաններում ամեն կերպ փորձում էր իմ մտերիմ ընկերուհին դառնալ, և, ցավոք, կհաջողվեր, եթե Հայաստանից չմեկնեինք, արդեն երեխա ունի:
Ինչպե՞ս է անցել հղիությունը, ծննդաբերությունը: Շա՞տ է տանջվել: Երեխան ինչպե՞ս է մեծացել մինչև հիմա, կրծքո՞վ է սնվում… Հարցեր, որոնք կծագեին միայն բժշկական համալսարանի ուսանողուհու գլխում, որը շտապում էր տուն, որ մանկաբուժության հերթական դասը սովորի…

(no subject)

Ի՜նչ հաճելի է, երբ ի սկզբանե որոշում ես մենակ գալ համերգ: Այս դեպքում…
ոչ ոք չի հրաժարվում քեզ ընկերակցելուց
ոչ ոք չի հիասթափացնում
կախված չես ոչ ոքից
բոլորը քեզ սիրում են
բայց դու ոչ ոքինն ես
ոչ ոք թքած չունի քեզ վրա
բոլորը քեզ հարազատ են
դու զայրացած չես
չես արտասվում
տրամադրությունդ բարձր է
վրեժ լուծել չես ուզում
արհամարհված չես
ստիպված չես որոնել ծանոթ մարդկանց, որոնք քեզ կառաջարկեն իրենց միանալ, որ մենակ չմնաս
ստիպված չես գտնելուց հետո սպասել հրավերի
ու չստանալուց հետ քեզ լքված զգալ
ծանոթներն իրենք են քեզ գտնում
զարմանում, որ մենակ ես
առաջարկում միանալ
բայց դու մերժում ես, որովհետև որոշել էիր մենակ գալ
և դու քեզ լավ ես զգում, երաժշտությունը վայելում
...........
այս ամենը քեզ միայն թվում է
դու ձանձրանում ես
որոշում գնալ
որովհետև եկել էիր ոչ թե համերգ, այլ ապացուցելու, որ շատ լավ է
ՄԵՆԱԿ
թքա՛ծ բոլորի վրա

գերադասում եմ ինքս ընտրել մենակությունը, քան դատապարտվել դրան