May 2nd, 2007

Մի սովորական օր

Երթուղայինից իջնելուց հետո նայեցի հեռախոսիս ժամացույցին. 8:59: Կարելի էր չշտապել, որովհետև ընդամենը 3 րոպեից հանրային առողջության ամբիոնում էի լինելու, իսկ դասախոսն ասել էր, որ լսարան մտնելու է 9:05: Իրոք, երբ դուռը բացեցի, կուրսեցիներս խառը նստած կիսվում էին վերջին երեք ազատ օրերի տպավորություններից: Տեղավորվեցի Մարիայի կողքը: Երկուսս էլ նկատեցինք, որ լավ հանգստացել ենք. ասես ամառային արձակուրդից վերադարձած լինենք: Ասենք, նրա ծննդյան օրն էր. լավ ուրախացել էին: Չէ՜, իմ հանգիստ ուրիշ էր: Ես պատմեցի, թե ինչպես էի կոմպի մոտ նստած «Մեդիկուսի» հոդվածները հավաքում, իսկ հետո սրբագրում ուրիշների հավաքածները: Ասացի, թե ինչ ահավոր տրամադրություն ունեի երեկ ու ինչպես այգի գնացի, որ այնտեղ սանիտարական վիճակագրությունը սովորեմ, ու ինչպես հանկարծ մեկը ձայն տվեց, և երբ գլուխս բարձրացրի, ինձ պաղպաղակ մեկնեց: Դա մեր կուրսի Ղուկասն էր, որը, կարծեմ, դաշնակցական է, բայց, ի տարբերություն մյուսների, լավ տղա է: Պարզվեց, որ Ամերիկյան համալսարանի հետևում է ապրում, սակայն այս չորս տարվա մեջ առաջին անգամ էի նրան մեր կողմերում տեսնում:
Հանկարծ Արմենը լսարանի մյուս ծայրից ինձ կանչեց. «Բու՜ռչ… գիտե՞ս, էն օրը ինտերնետով «պանթուրքիզմ» էի ման գալիս, մեկ էլ մի հատ սայթ գտա: Էնտեղ կատվի նկար կար, վերևն էլ քո անունը»: Ես շատ լավ հասկացա, որ խոսքը Ակումբի մասին է: Սկսեցի համոզել, որ գրանցվի, բայց չլսեց:
Շուտով դասախոսը եկավ: Այսօր թեման դեմոգրաֆիան էր: Շատ հետաքրքիր էր: Չզգացինք, թե ինչպես դասախոսությունը վերջացավ:
Երկար դասամիջոցից հետո անցանք գործնականին: Մեր դասախոսը Մարինա Արարոտովնան էր՝ մեր փոխդեկանը, Սիրիկի մաման ու դասարանցուս՝ Արայի մորաքույրը: Դասը շատ հետաքրքիր էր անցնում: Նորից չնկատեցինք, թե ինչպես եկավ երկար դասամիջոցի ժամը: Իսկ այդ ժամանակ Սաթիկն ինձ «Մեդիկուս» կանչեց: Անմիջապես գնացի: Վեցերորդ հարկում՝ «Մեդիկուսի» պատուհանից դուրս նայելիս ու մեր բուհի ռադիոն լսելիս զգացի, որ սիրում եմ էդ տարածքը… Մի տեսակ կարոտել էի: Ախր մոտ հինգ ամիս համալսարանի շենքում դաս չէինք արել: Ափսոսում էի, որ կլինիկաներ ենք գնում ու հեռու մնում ուսանողական եռացող կյանքից, ակտիվ դասամիջոցներից:
Դասերից հետո նորից «Մեդիկուս» գնացի: Վարդանն էլ եկավ: Ես հոդվածներ էի սրբագրում ու խմբագրում: Հաճելի էր զգալ, որ սենյակի բանալին իմ գրպանում է, և երբ ուզեմ, կբացեմ, կմտնեմ: Թերթի այս համարի պատասխանատվությունն ինձ վրա է… Վախենում եմ՝ մի բան հանկարծ այնպես չստացվի:
Կարճ ժամանակով Տիկոն էլ եկավ: Շատ եմ սիրում նրան: Ոնց որ իմ տղա տեսակը լինի:
Լավ, ալարում եմ մնացածը գրել: Մի խոսքով, հրաշալի օր էր: Իսկ հիմա գնամ, վիճակագրական տվյալները մշակեմ: