March 28th, 2007

(no subject)

Imagine all the people
Living for today...
(John Lennon)

Հիստերիկ ծիծաղ բռնեց, երբ արտասահմանցիների (թե՞ սփյուձքահայերի) մի խումբ ինձ կանգնեցրեց, և նրանցից մեկն ասաց.
- Մադա՛մ, Բաղրամյան սթրիթ:
Ես բացատրեցի, թե ինչպես պետք է հասնեն այնտեղ:
Նրանք ի՞նչ իմանային, որ ընդամենը կես րոպե (այո՛, այո՛. հենց 30 վայրկյան) առաջ ինձ երկու օտարերկրացիներ (երևի արաբներ) մոտեցան: Մինչ մեկը կամացուկ մի կողմ կքաշվեր, մյուսը հարցրեց.
- Ռուսերե՞ն, հայերե՞ն:
Պատասխանի չսպասեց, շարունակեց.
- Իմ ընգեր,- ցույց տվեց ընկերոջը,- դու ընգերուհի:
Ձևացրի, թե չեմ հասկանում:
- Դու իմ ընգերոջ ընգերուհի:
Իբր հասկացա, պատասխանեցի.
- Չէ՛:
- Ինչու՞,- հուսահատված ասաց նա, մինչ «ընգերը» նշան կաներ, որ կարճ կապի:
Իսկ ես միամիտ, բայց և բնական պատասխան տվեցի.
- Որովհետև նրան չեմ ճանաչում:
…Նրանք չգիտեին, որ իրենց կանգնեցրած աղջիկն ընդամենը մի քանի րոպե առաջ անջատված, անուշադիր ու դանդաղ հատում էր Մաշտոցի պողոտան, որտեղ բոլոր մեքենաները ենթարկվել էին կարմիր լույսին, բայց 93 համարի երթուղայինը մեծ արագությամբ էր գալիս, և հազիվ հասցրեց արգելակել: Վարորդը մտքում (կամ բարձրաձայն. ի՜նչ իմանաս) հայհոյեց ինձ: Նա չգիտեր, որ ուղիղ երկու րոպե առաջ մտազբաղ քայլում էի Օպերայի բակում, հիշում դեպքեր, որոնք կատարվել էին այնտեղի աստիճանների վրա, իսկ կողքից անցնող միջին տարիքի մի մարդ զարմացած ինձ էր նայում՝ չպատկերացնելով անգամ, որ մինչ այդտեղ գալը ես քայլում էի Մաշտոցի պողոտոյաով դեպի Օպերա: Այդ ժամանակ էր, որ հեռախոսս զանգեց: Չնայած փորձեցի թաքցնել անկապ տրամադրությունս, զանգահարողը նկատեց դա: Բայց նրա մտքով չէր էլ անցնում, որ մոտ 10 րոպե առաջ գլուխս կախ անցնում էի Հանրապետության հրապարակով, երբ անկյունից մի ձայն ինձ սթափեցրեց.
- Բյու՞ր:
Հետո ասաց, որ նստեմ ծառին (ծառ չէր, կոճղ էր), որ ինձ նկարի: Երևի անձրևն էր պատճառը, որ չնկատեց թաց աչքերս: Նա չգիտեր, որ 76 վայրկյան առաջ արցունքը անձրևից տարբերեցի, որովհետև այն ջերմ էր, մի տեսակ իմ կտորը: Այդ ժամանակ առաջս կտրած մուրացկանը չէր կարող պատկերացնել, որ ընդամենը երեք ժամ առաջ տագնապամարիչ էի խմել, բայց չգիտես ում վրա զայրացած, փշուր-փշուր եղած սրտով Երևանի փողոցներն էի չափչփում:

Մտքիս ծայրով էլ չէր անցել, որ ուղիղ 41 ժամ 17 րոպե 25 վայրկյան անց աչքերս բացելու եմ, բոլոր դեղերն աղբարկղը նետելու ու որոշելու, որ ես արդեն առողջ եմ, իսկ դրանից 34 ժամ 56 րոպե 19 վայրկյան անց քայլելու եմ դեպի տուն ու երգեմ.
- …
Ողորմությունն է Նրա հավիտյան…
Ես չգիտեի, որ նույն խոսքերը 136 անգամ կրկնելուց հետո դրանք գրելու կարիք կլինի, և ես առաջին տողը կմոռանամ հերթական հիստերիկ նոպայից հետո…