March 25th, 2007

(no subject)

Երբ դեռ փոքր էի և մեծերից հաճախ լսում էի «նևրոզ» բառը, շատ աղոտ պատկերացումներ ունեի, թե դա ինչ է:
Հիմա, երբ այդ ամենը զգացել եմ սեփական մաշկիս վրա, երբ քանդել եմ բոլոր հնարավոր գրքերը, որ հասկանամ, թե ինչ է կատարվում և երբ բժիշկն էլ հաստատել է, որ «նյարդերս լավ չեն», հատուկ ռեժիմ ու դեղեր է նշանակել, ես շատ լավ եմ պատկերացնում, թե ինչ է դա: Իննան զուր էր պնդում, թե այն օրը սառելս ու գետնին ընկնելը նեյրոցիրկույլատոր դիստոնիայի հետևանք էր: Շատ լավ եմ հիշում ձեռքերիս սառնությանը նախորդած ներվայնությունս: Իսկ երբ բժիշկը հարցրեց, թե ինչի հետ եմ կապում նյարդերիս լարվածությունը, ես պատասխանեցի. «Մենակ եմ»: Պարզվում է՝ մենակությունն էլ այստեղ կապ չունի: Ահա Իննան 2-3 օր հետս մնաց, բայց ներվայնությունս բնավ չէր անցնում: Ես գիտեի, որ այն կա, պարզապես դեղերով ճնշվում էր:
Այսօր էլ լավ չէի: Մի 3,5 ժամ քնել եմ… քնե՞լ… չէ՛, դժվար է բացատրել, թե ինչ էչ կատարվում ինձ հետ այդ ժամերի ընթացքում: Հա՛, պառկած էի: Հա՛, աչքերս փակ էին, բայց սրտիս աշխատանքն ահավոր էր, ինչքան էլ վերապամիլը ժամանակին խմած լինեի: Ուղեղս էլ չէր անջատվում. մտածում էի կողքի սենյակում կիսատ թողած աշխատանքիս մասին, որն ի վիճակի չէի շարունակել ատարաքսի դոզան ստանալուց հետո: Հետո ինչ-որ անուններ էի տալիս, ինչ-որ մարդկանց կանչում, ջրի տարօրինակ ձայն լսում: Թվում էր՝ խոհանոցում ջրհեղեղ էր: Ուզում էի վեր կենալ, նայել, բայց ոտքերս թուլացել էին, չէին շարժվում: Ու էդպես կեսքնած-կեսարթուն մնացի այնքան, մինչև զգացի, որ աչքերս բացելուց հետո այլևս չեն փակվում, որ կարող եմ ոտքս սահեցնել, մահճակալից իջեցնել: Ու կարողացա երերալով ոտքի կանգնել: Ասես հարբած լինեի: Հետո Նոնային զանգեցի: Ահավոր կոպիտ էի, նյարդայնանում էի, երբ նա հիվանդությանս (ի՞նչ հիվանդություն. նևրոզը հիվանդություն չէ) մասին հարցեր էր տալիս:
Բայց ես հասկացա, որ ջղայնությանս հիմնական պատճառը համակարգիչն է: Չէ՞ որ երեք օրով հեռացել էի նրանից, և համեմատաբար լավ էի զգում ինձ, իսկ այսօր… այսօր ասես նույնը նորից պետք է կրկնվեր: Լավ է, որ մայրս ինձ պրոֆիլակտիկայի միջոցներ էր ասել, և ամեն ինչ ավելի մեղմ էի տանում: