February 12th, 2007

Ես մազոխիստ եմ

Ես մազոխիստ եմ.

Ինձ ծակծկում եմ Բյուր ասեղներով,

Բարձս փշից է, իսկ գիշերանոցս՝

Վայրի գազանի հսկա երախ է,

Որն ինձ հոշոտում, մաս-մաս է անում:

 

Եվ ես պառկած եմ արյան լճակում,

Արյուն է կաթում իմ էությունից,

Իսկ ես քամում եմ,

Դուրս մղում հոգիս,

Անգամ մի կաթիլ չեմ պահում ներսում,

Որ կյանքս մարի,

Ես էլ չլինեմ,

Ու ինձնից մնա ծակծկված մարմին,

Մասնատված հոգի:

 

Քեզ ուղարկած Բյուր ասեղները

Տե՛ս, հետ են եկել,

Ինձ ծակծկում են:

Իսկ ես հրճվում եմ.

Ես մազոխիստ եմ:

 

Երկու մեծ դանակ խրել եմ սիրտս:

Ցավում է, գիտե՞ս,

Բայց հոգ չէ, կանցնի,

Մի քանի վայրկյան,

Եվ իմ ծակծկված սիրտը կկանգի:

Բայց չէ՛, չեմ մեռնի.

Ես առանց սիրտ էլ դեռ երկար կապրեմ:

 

Գիտե՞ս, քաղցած եմ:

Ես բուսակեր չեմ,

Ես մսակեր չեմ,

Ես կշտանում եմ,

Երբ իմ սեփական արյունն եմ ծծում.

Ես եսակեր եմ:

 

Ու խեղդվում եմ այս կարմիր ծովում,

Փորձում եմ խմել

Մի քիչ մակարդված,

Մի քիչ էլ սառած,

Հոգուցս քամված թանձր հեղուկը:

 

Եվ ես գրում եմ իմ վերջին շնչով,

Իմ էությունից քամված արյունով.

«Ես մազոխիստ եմ»: