Ես երբեք չեմ հավատացել, թե այդ ճակատագիր կոչվածը կա: Մինչև հիմա էլ չեմ հավատում: Չէ՛, ավելի ճիշտ կա, բայց այն մենք ենք ստեղծում ավելի վաղ հասակում, մենք ենք ճշգրտորեն ծրագրում, թե ինչ է լինելու մեզ հետ տարիներ անց: Վերջերս մի գիրք էի կարդում դրա մասին: Ամեն ինչ շատ անհեթեթ էր թվում: Կարծում էի, թե տեղ-տեղ չափազանցրել է, որ ավելի հետաքրքիր դարձնի: Հետո սկսեցի իմ կյանքը վերլուծել: Թե այդ պատմվածքը գրած չլինեի, պիտի կարծեի, որ ինքս ինձ ներշնչում եմ: Բայց այն կա, փաստաթուղթ է: Դեռևս 2004թ. ես գրել եմ այսօրվա մասին: Ստեղծագործել եմ, երևակայությանս զոռ տվել, ինչ-որ տեղ հայտնել իմ թաքուն ցանկությունները: Այն ժամանակ չգիտեի, որ պարզապես ճակատագիր էի կերտում ինձ համար: Ու մոռացել էի դրա գոյության մասին: Հիմա, երբ անցնում եմ ճիշտ նույնի միջով՝ «նախընտրելով ձյան մեջ թաղված մնալ», հասկանում եմ, որ պատմվածքներ գրելը վտանգավոր գործ է:


Comments
ari pachem) :P