Home

Previous Entry | Next Entry

Jan. 10th, 2008

  • 9:45 PM

Տարիների ընթացքում մոռացել էի, որ Շերիլ Քրոուն Անահիտի սիրած երգչուհին էր: Չգիտեմ, թե ինչպես հանկարծ հիշեցի: Այս ընթացքում ես էլ էի տարված նրանով, կարող էի ժամերով լսել, բայց որ նա Անահիտի Ալանիսն էր, մտքիցս թռել էր… Իսկ հիմա հիշում եմ, թե ինչպես նրա վերջին ծննդյան օրը Շերիլ Քրոուի ձայներիզ նվիրեցի: Հասցրե՞ց լսել, թե՞ ավելի կարևոր գործեր ուներ այդ քառասուն օրվա ընթացքում, որ մնացել էր: Չգիտեմ, չեմ հետաքրքրվել:
Նա կա՞ր, երբ Շերիլի ու Քիդ Ռոքի "Picture"-ն ինձ ցնցել էր: Կարծեմ նա գիտեր այդ երգի մասին միայն իմ պատմելով: Նա գիտե՞ր, որ երգերից կարևոր բաներ էլ կան կյանքում: Դրա՞ համար ռադիոն չէր միացնում:
Գրեթե հինգ տարի է անցել այն օրվանից, երբ ես նրան վերջին անգամ տեսա: Իմ նիհարած ու գունատ ընկերուհին… Ամեն ինչ այնքա՜ն հեռու է թվում: Ասես կյանքիս ավարտված մի գլուխ լինի, օրագրի մի էջ, որը զգուշությամբ պահելու եմ իմ հիշողություններում: Ամեն անգամ նրանց շենքի մոտով անցնելիս չեմ ալարում, հաշվում եմ տասներեքերորդ հարկը… Չէ՛, հաշվելու կարիք չկա, քանզի շատ լավ եմ հիշում նրա պատշգամբը, որտեղից ինձ ձեռքով էր անում, երբ պետք է միասին գնայինք զբոսանքի: Մենք միասին կնստեինք այգու նստարաններին, կբացեինք մեր օրագրերը ու բարձրաձայն կընթերցեինք նույն իրադարձությունների իմ և նրա մեկնաբանությունները: Հիշում եմ՝ թուրքական տետր էր, որի ծայրին կողպեքի փոխարեն խայտաբղետ թելեր էին. դրանք պինդ կապում էր, որ քույրը չկարդա: Ավա՜ղ, գալու էր այդ օրը, որ թելերն անզոր էին լինելու, և ոչ միայն քույրը, այլև բոլոր-բոլորը հաղորդակից էին լինելու նրա գաղտնիքներին: Բայց մի՞թե բացել են, մի՞թե կարդացել են… Ասենք, ինձ թվում է՝ նրա համար միևնույն է արդեն: Մտածում եմ՝ եթե ես էլ մեռնեմ, ով ուզում է, թող կարդա օրագրերս:

Comments

(Anonymous) wrote:
Jan. 26th, 2008 08:21 am (UTC)
հարց
Բյուրակն, ներիր, որ հարցնում եմ, բայց նա ինչի՞ց է մահացել:
[info]byurie wrote:
Jan. 26th, 2008 09:40 pm (UTC)
Re: հարց

Այն ժամանակ պարզապես ինչ-որ ուռուցք էին ասում, որը մի կողմից ճնշում էր սիրտը, մյուս կողմից՝ թոքերը: Հիմա ենթադրում եմ, որ դա կոչվել է թիմոմա: Հազվադեպ հանդիպող ուռուցք է:

Կարելի՞ է իմանալ ով է հարցնողը:

Profile

[info]byurie
Poor Misguided Fool

Latest Month

May 2008
S M T W T F S
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Page Summary

Powered by LiveJournal.com
Designed by Lilia Ahner